«Սպարտակի» գլխավոր մարզիչ. Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում

«Սպարտակի» գլխավոր մարզիչ. Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամբողջ ուժերը չէր ներդնում հավաքականի համար խաղերում: Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը «Սպորտ-էքսպրեսին» տված հարցազրույցում, հայտնում է Sputnik-ը:

«Ըստ իմ տեղեկությունների, Յուրան իր ամբողջ ներուժը չէր օգտագործում հավաքականի համար խաղերում, իսկ չէ որ հավաքականում խաղալը հսկայական պատասխանատվություն է: Եթե դու գալիս ես ազգային հավաքական և 100 տոկոսով չես դրսևորում քո կարողությունները, ապա, անշուշտ, ղեկավարներն իրավասու են ինչ-որ որոշում կայացնել, այդ թվում` խիստ, ինչպես այս դեպքում: Նշանակում է, պատճառ կար: Այստեղ քննարկելու բան չկա»,-ասել է նա: Ըստ նրա, մարզիչն է որոշում, թե ում կանչի հավաքական, ում` ոչ: Ըստ Ալենիչևի շատ բան կախված է Մովսիսյանից: «Եթե նա ցանկանում է վերադառնալ, ապա պետք է ապացուցի դա խաղադաշտում»,-ասել է նա:

«Սպարտակի» մարզիչը խոստովանել է նաև, որ չէր զգում Մովսիսյանի մոտ այն բարձր մոտիվացիան, որ կար «Սպարտակում» նրա կարիերայի սկզբում: Դա էր պատճառը, որ որոշվեց նրան վարձակալության հանձնել «Ռեալ Սոլթ Լեյքին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան»,-ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ընթերցեք նաև. ՀՖՖ նախագահ. Մովսիսյանը, Արզումանյանը և Կասպարովը հավաքական չեն հրավիրվելու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---