Իրանի ԱԳ նախարար. Կարող ենք մեր դերակատարությունն ունենալ ԼՂ կարգավորման հարցում

Իրանի ԱԳ նախարար. Կարող ենք մեր դերակատարությունն ունենալ ԼՂ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ, հայտնում է Panorama.am-ը իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության վրա հղումով:

Համաձայն հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել դադարեցնել բախումները, տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով»:

«Իրանը պատրաստակամություն է հայտնում, որ կողմերի ցանկության դեպքում կարող է այդ հարցում իր դերակատարությունն ունենալ»,-հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ապրիլի 4-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:Հանդիպման առիթն է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան Ատրպատական նահանգի Վերին Կոլիբեգլու գյուղում կան վիրավորներ և ավերածություններ:

Իրանի ռազմական կցորդը չի հաստատել վիրավորների առկայության մասին տեղեկատվությունը և հայտնել է, որ իրանական կողմը դիմել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերին՝ առավելագույն ուշադրություն ցուցաբերել նման կարգի պատահարները բացառելու նպատակով:

Ճշտելով գյուղի աշխարհագրական կորդինատները, հայկական կողմը հայտնել է, որ նշված բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում, հետևաբար, հայկական ուժերի կողմից դրա հրետակոծումը քիչ հավանական է: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս փաստը շատ նման է սադրանքի և չի բխում հայկական կողմի շահերից:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---