ՀՀ նախագահը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Ակնկալում ենք ԼՂ-ում խաղաղությանն ուղղված գործնական քայլեր

ՀՀ նախագահը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին. Ակնկալում ենք  ԼՂ-ում  խաղաղությանն ուղղված գործնական քայլեր

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, որտեղ կայացել է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սարգսյանը ապրիլի 6-ին հանդիպել է նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման և իրադրության աննախադեպ սրման պատճառով առաջացած լարված իրավիճակն ու վերջին զարգացումները:

«Այն, որ այս դժվարին պահին ես այստեղ եմ, առավել քան խոսում է այն կարևորության մասին, որ Հայաստանը վերապահում է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Գերմանիայի դերակատարությանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր»,-ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով, որ Մինսկի խմբի համանախագահներին է վստահված ԼՂ խնդրի կարգավորումը՝ ակնկալիքները մեծ են հենց ԵԱՀԿ-ից:

Նախագահը նշել է, որ ակնկալվում են խաղաղությանն ուղղված գործնական քայլեր, իսկ 1994-ի զինադադարի ռեժիմի վերականգնումից հետո` այն խստորեն պահպանելուն միտված մեխանիզմների կիրառում։

Գերմանիայի արտգործնախարարը վերահաստատել է իրավիճակի կապակցությամբ հակամարտության կողմերին արված իր կոչը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ու վերադառնան Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցություններին: Արտգործնախարար Շտայնմայերը կարևորել է ԼՂ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիտորինգի վերսկսումը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այդ առումով անհրաժեշտ է համարել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնումը և նրա գլխավորությամբ գործող գրասենյակի կարողությունների մեծացումը: Ապրիլի 6–ին նախագահը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: Մանրամասները, սակայն, չեն հրապարակվել:

Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են միջխորհրդարանական գործակցությունը, որի զարգացման գործում Սարգսյանը կարևորել է Լամմերթի ավանդը: «Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանի միջև կապերը, որոնք գործնական հարթակ են ձևավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլև ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն գործակցությունը:

Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ և հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում: Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Լամմերթի հարցին, Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը. Հայկական ուժերն ականանետերից կրակ չեն վարում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---