13  09.04.16 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասուլիսը. Լարման մեղավորներից մինչև ԼՂՀ-ի՝ բանակցությունների սեղան վերադարձը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ասուլիսը. Լարման մեղավորներից մինչև ԼՂՀ-ի՝ բանակցությունների սեղան վերադարձը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը, ով է պատասխանատուն: Այս մասին ապրիլի 9-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ ՄԽ-ն մանդատ է ստացել երկու պետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումների և Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

«Մեր հիմնական խնդիրը եղել է օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ինչպես նաև նախաձեռնել միջոցներ, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Մեր հանդիպումների եզրակացությունն այն է, որ կողմերը, ամեն դեպում իրենք այդպես են ցույց տալիս, պատրաստակամ են հետևել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը:

Թե ի՞նչ է պետք անել, որ խաղաղություն ապահովվի, առաջին հերթին կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելն է: Կա հասկացություն, որ պետք է նաև քաղաքական լուծում, որ կողմերը վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ: Մոտավորապես մեկ շաբաթ անց մենք նորից կհանդիպենք ու կքննարկենք այս հարցերը»,- մանրամասնել է Իգոր Պոպովը, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ նրա՝ հիմնական խնդիրներից մեկը նաև զոհվածների դիակների վերադարձման հարցն է:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հարցին, թե արդյոք չի կարծում, որ քաղաքացիական անձանց ու զինվորականներին սպանելու, ընդհուպ՝ նրանց ականջները կտրելու դեպքերը հիշեցնում են «Իսլամական պետության» ոճը, ինչի մասին խոսել են նաև ՀՀ իշխանությունները, պատասխանել է միայն հարցի մարդու իրավունքների խախտման հատվածին:

«Խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով: Տեսել ենք լուսանկարները, բոլոր հաղորդումները դրանց վերաբերյալ, հանդիպում ենք ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, պնդել, որ ճշգրտորեն դիտարկեն, թե ինչ է տեղի ունեցել, այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում… Խիստ մտահոգված ու անհանգստացած ենք մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմամբ: Հաղորդումները, որոնք ստացել ենք, մեր ուշադրության կենտրոնում են»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Հնչել է նաև մոսկովյան առաջարկներին վերաբերող հարց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ առաջարկությունների ինչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե նոր առաջարկներ կան:

Հարցին պատասխանել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով.

«Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ նոր փաստաթուղթ, այսպես կոչված «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարվա ընթացքում: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու 6 տարրի վրա, որոնց մասին մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրների նախագահները հայտարարել են: Հիշեցնեմ, որ սկզբունքները հետևյալն են. ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ խոսքը տարածքների վերադարձն է, ԼՂ ստատուսի կարգավորման հարցը։ Կրկնեմ ևս մեկ անգամ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և տարածքների վերադարձը: Սրանք ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն: Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթը»:

Բացի այս երկու սկզբունքներից, բացի այս երկու տարրերից կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի վերջնական կարգավորման փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է Պոպովը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չի քննարկվում Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելը՝ հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, ամերիկացի համանախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում կազմում որևէ փոփոխություն չի նախատեսվում:

Նա նշել է, որ Վիեննայում մի քանի օր առաջ առաջին անգամ վերջին շրջանում ընդվունվեց խիստ հայտարարության՝ կողմերին կոչ անելով զսպվածության, հրադադարի պահպանման, անհապաղ բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման:

«Եկեք հստակ լինենք՝ Թուրքիան միացավ այդ հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց այդ հայտարարության տակ: Պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում Թուրքիայի հետ»,- ասել է ամերիկացի համանախագահը, գրում է Panorama.am-ը

Ըստ ռուս համանախագահի, Լեռնային Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Պոպովի խոսքով, խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել այդ փուլը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք չեն գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում, Պոպովն ասել է. «Այս պահին այդ թեման բանակցությունների առարկա է»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---