Լոս Անջելեսի խորհրդի անդամները ԼՂ-ում խաղաղությանն ուղղված ակցիա կանցկացնեն

Լոս Անջելեսի խորհրդի անդամները ԼՂ-ում խաղաղությանն ուղղված ակցիա կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակավայրերի վերջին ռմբակոծումների` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր դատապարտել են Բաքվի` վերջին մի քանի օրվա ընթացքում անմեղ մարդկանց կյանքեր խլած ագրեսիվ գործողությունները:

Քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ընկերակցությամբ ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը։

«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է օգտագործի իր ազդեցությունն ու այդ կարևոր տարածաշրջանում ապահովի կայունությունը»,- ասել է Փոլ Կրեկորյանը։

Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցով՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---