13 ապրիլի 2016 - 15:08 AMT
Հայ գիտնականի ստեղծած համակարգը կփորձարկվի F-16-ի վրա

ԱՄՆ ՌՕՈւ կփորձարկեն ադապտիվ հսկողության համակարգը, որը ստեղծել է Իլլինոյսի համալսարանի ճարտարագիտության և մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանն իր երկու ուսանողների` Քեյսի Աքերմանի և Խավիեր Պուիգ-Նավարոյի հետ:

Հովակիմյանը ադապտիվ հսկողության համակարգը մշակում է 2005 թվականից, պրոֆեսորներ Գրաֆթոնի և Վիլկինսի հետ համատեղ: Նախկինում համակարգը փորձարկվել է Learjet քաղաքացիական ինքնաթիռի վրա և ապացուցել է, որ կարող է կանխել որոշ ճգնաժամային իրավիճակներ և ավելի անվտանգ դարձնել թռիչքը:

Չնախատեսված իրավիճակներում համակարգը թույլ կտա օդաչուին կենտրոնանալ ինքնաթիռի կառավարման ու վայրէջքի վրա, իսկ սովորական պայմաններում ավելի հարմարավետ կդարձնի թռիչքը:

2016-ի սեպտեմբերին համակարգը կփորձարկվի էքսպերիմենտալ VISTA F-16-ի վրա: Հովակիմյանն ու նրա գործընկերները ծրագրում են, որ դրանից հետո համակարգը կներդրվի առավել արդիական ինքնաթիռներում, այդ թվում ապագայում նաև կոմերցիոն ավիատրանսպորտում:

Իր գիտական գործունեության ժամանակ Հովակիմյանը բազում մասնագիտական պարգևներ է ստացել, ինչպես նաև 5 պատենտ է գրանցել: