ԱԳ նախարար. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Բաքվին կարգի հրավիրելու համար

ԱԳ նախարար. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Բաքվին կարգի հրավիրելու համար

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:

Զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերն անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ամբողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար:

«Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:

Թիմո Սոինին այս առումով ընդգծել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը, ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է այցելել Հայաստան: Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---