Արցախը ճանաչելու օրինագիծը Կառավարության դրական եզրակացությունն է ստացել

Արցախը ճանաչելու օրինագիծը Կառավարության դրական եզրակացությունն է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այն սահմանված կարգի համաձայն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Galatv.am-ը:

Օրենքի նախագիծը Կառավարության քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի կողմից:

Նախագծի եզրակացության մեջ ասված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Օրինագծի հիմնավորման մեջ ասված է. «Սույն օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»:

 Ուշագրավ
---