ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում զեկույց կներկայացվի` ՀՀ և Ադրբեջան հատուկ ներկայացուցչի այցերի արդյունքում

ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում զեկույց կներկայացվի` ՀՀ և Ադրբեջան հատուկ ներկայացուցչի այցերի արդյունքում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Երևանում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները: Նա մանրամասնել է հայ զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների և անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը Քրիստիան Վիգենինին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստեր, որոնց մի մասը, ի դեպ, տեղ է գտել Բաքվի պետական համալսարանի կայքէջում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» ձեռագիրը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանին անթաքույց կերպով և բարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնել Թուրքիան, որն արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խնդրի կարգավորումը, ի տարբերություն Ադրբեջանի, տեսնում են բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա, որոնցից երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է: Խնդրի կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը. այս հարցում նա կարևորել է առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:

Քրիստիան Վիգենինը բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում և կարևորել հաճախակի հանդիպումները: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ. Մեր դերը խաղաղության հաստատմանն օժանդակելն է

 Ուշագրավ
---