Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ մայրուղիներն ամբողջությամբ կգործեն հունիսի 13-ից

Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ  մայրուղիներն ամբողջությամբ կգործեն հունիսի 13-ից

PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մարտի 25-ին մեկնարկած ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը:

Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար:

Շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառուն իրականացնում է երթևեկության կառավարման ժամանակավոր միջոցառումներ, որոնց արդյունքում Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների որոշակի հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվում է մեկ երթևեկելի գոտիով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ թեստավորման շրջանը կավարտվի և երթևեկությունըԵրևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածներում լիարժեք կիրականացվի 2016-ի հունիսի 13-ից:

Միևնույն ժամանակ, խնայված միջոցների շրջանակում ներկայում կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում կմ 15+435 (Մարմարաշեն համայնք), կմ 24+145 (Բուրաստան համայնք) և կմ 27+630 (Մրգավան, Դալար համայնքներ) վերգետնյա նոր անցումների շինարարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա անվումների վերակառուցում՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափորոշիչների: Ուստի նշված հատվածներում ևս սահմանվել է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշի: Շարունակվում են իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---