ՀՀ-ից գումարների ապօրինի արտահոսքն աճում է. Ապրանքագրի կեղծման միջոցով է արվում

ՀՀ-ից գումարների ապօրինի արտահոսքն աճում է.  Ապրանքագրի կեղծման միջոցով է արվում

PanARMENIAN.Net - Գումարների ապօրինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային և մասնավոր սեկտորների վրա: Այս մասին ասել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը:

«Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներ են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել և օգուտ բերել: Դա նաև հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում», ասել է նա, մեջբերում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Վերլուծաբանի խոսքով, զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում.

«Հայաստանի դեպքում 2013-ին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչդեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն, աճը գրանցվում է թե՛ գումարային և թե՛ տոկոսային արտահայտմամբ»:

«Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպության տվյալներով, 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 միլիարդ 848 միլիոն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 միլիարդ 736 միլիոն դոլար, կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013-ին դուրս է բերվել 120 միլիարդ 331 միլիոն դոլար, կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին:

Տնտեսական հարցերով լրագրող Հայկ Գևորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում.

«Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք է, և ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»:

Լրագրողի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման և ծախսման գործընթացին.

«Հասարակության կողմից կա պահանջ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու և ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»:

Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրանքագրի կեղծման միջոցով:

«Ապրանքագրի կեղծումն առևտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքի գինը եւ գումարները դուրս են բերվում: Ասենք, արտերկրից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել», - ասել է նա:

Արդյունքում, փաստաթղթերով ավելանում են ընկերության ծախսերը և նվազում՝ շահույթը:

«Այսպես, օրինակ, Գանայում մենք հանդիպեցինք գարեջուր արտադրող խոշոր ընկերություն, որն ավելի քիչ հարկ էր վճարում, քան այդ ընկերության գարեջուրը սեղանիկից վաճառող մի կին ձեռներեց»:

Գևորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձևակերպված այդ գումարներն այնուհետև օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում:

«Այսինքն, երբ որևէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը և ազատվում շահութահարկից, որը պետք է Հայաստանում վճարեր»:

Սփանջերսի խոսքով, միևնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը.

«Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանյան կղզիներ, այլև՝ Արևմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանկերում»:

Ինչ վերաբերում է գումարների ապօրինի արտահոսքի հետ պայքարին, ապա Գևորգյանի խոսքով, հայ հասարակության մեջ կա նման պահանջարկ, որը սակայն ֆորմալ ձևակերպված չէ: Արևւմտյան վերլուծաբանի խոսքով, գումարների ապօրինի դուրսբերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է:

Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր, սակայն՝ վերջին քայլը չէ:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը մայիսին հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320.000 անձանց և օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 մլն փաստաթուղթ: Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացու անուն, հարևան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է: «Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6.200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ:

Բազան ամբողջությամբ հասանելի է offshoreleaks.icij.org կայքէջում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---