ԼՂՀ ընդդիմադիր պատգամավորին ծեծելու փաստով քրգործ է հարուցվել

ԼՂՀ ընդդիմադիր պատգամավորին ծեծելու փաստով  քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին հունիսի 6-ին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին հայտնել են ԼՂՀ ոստիկանությունից։

Հունիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Դիաննա Մովսիսյանը հաղորդում է տվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում, առ այն, որ նույն օրը` ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձինք առևանգել և բռնության են ենթարկել իր ամուսնուն` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Հաղորդման հիման վրա ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը»:

Ձևավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարևոր գործերով քննության բաժնի և նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները, գրում է Panorama.am-ը:

Հանցագործության հասարակական լայն հնչեղությամբ պայմանավորված հանրությունը պարբերաբար կիրազեկվի նախաքննության ընթացքի մասին:

Խանումյանը բռնության ենթարկվելու վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, մասնավորապես, հետևյալը.

«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ»:

Հայկ Խանումյանը քաղաքական և հասարակական գործիչ է Արցախի Հանրապետությունում, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ 2013թ. փետրվարից։ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---