Մոտ 600 լրագրող կլուսաբանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան

Մոտ 600 լրագրող կլուսաբանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստանը` «առաջին քրիստոնյա երկիր», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարելիք իր այցն ուխտագնացություն էր անվանել` դիմելով «Արևելյան եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորման» (ROACO) վեհաժողովի պատվիրակներին: Նա խնդրել է աղոթել իր հայաստանյան այցի համար, հայտնում է Ansa-ն: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, քանի որ ես մի քանի օրից ուխտագնացության եմ մեկնում Արևելք` Հայաստան, մի երկիր, որի ժողովուրդն առաջիններից էր, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել է Հռոմի պապ:

Հռոմի պապը Հայաստան կժամանի հունիսի 24-ին: Այցը կմեկնարկի բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մայր տաճարում:

Նույն օրը երեկոյան Սրբազան քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ հղության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռում Հռոմի Սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀԱԵ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Ընթերցեք նաև. Հռոմի պապի ՀՀ այցի ժամանակացույցը հայտնի է

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---