Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեն չի կայացել

Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեն չի կայացել

PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեն չի կայացել` մասնակցությունը կազմել է 1.23%, անհրաժեշտ 50%-ի փոխարեն: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան:

«Ընտրացուցակներում ընդգրկված էր 132.877 քաղաքացի, մասնակցել է քվեարկությանը` 1.628-ը, որը կազմում է ցուցակում ընգրկվածների 1.23%-ը: Կողմ քվեարկել է 750 մարդ, դեմ` 761: Անվավեր է ճանաչվել 117 քվեաթերթիկ, հայտարարել է Տաբագուան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ելնելով հանրաքվեի մասին օրենքի 28-րդ հոդվածից` ԿԸՀ-ն որոշել է հանրաքվեն ճանաչել չկայացած»,-հավելել է նա:

Հուլիսի 5-ին աբխազական ընդդիմությունը ցույց էր կազմակերպել Աբխազիայի ՆԳՆ շենքի մոտ, որը վերածվեց շենքի գրոհի` ցուցարարները կոտրեցին դարպասներն ու հասան գլխավոր մուտքին: Բացի այդ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, հրդեհ է առաջացել: ՆԳՆ ղեկավարին մեղադրում են հանրապետությունում քրեածին իրավիճակի վատթարացման մեջ: Ցուցարարները պահանջում էին նաև տեղափոխել հուլիսի 10-ին կայանալիք հանրաքվեն: Հուլիսի 5-ի երեկոյան Հաջիմբան ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից ՆԳՆ ղեկավար Լեոնիդ Ձապշբային, որի հրաժարականն էին պահանջում ցուցարարները:

Ավելի վաղ Հաջիմբան հրամանագիր էր ստորագրել հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի Հանրապետության նախագահի վաղաժամ ընտրությունների անցկացումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---