Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին խնդիր չէ

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին խնդիր չէ, նույնիսկ ընդհակառակը: Հայաստանը բոլորից շատ կշահեր, եթե Թուրքիան կատարեր բոլոր պայմանները, որոնք ԵՄ-ն դնում է նրա առջեւ: Դա կնաշանակեր Թուրքիայի եւ Հայաստանի բաց սահման, Թուրքիայում հայկական փոքրամասնության եւ այնտեղի հայերի ունեցվածքի պաշտպանության բարելավում, թուրք մտավորականությունը կկարողանար բացեիբաց խոսել Ցեղասպանության մասին, իսկ ԵՄ սահմանները կմոտենային Հայաստանին: Ավել ի՞նչ կարելի է ցանկանալ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Der Standart ավստրիական թերթին տված հարցազրույցում:



Նա անհանգստություն է հայտնել, որ «Թուրքիան, կարծես, չի կարող փոխվել»: «Այն հստակորեն ուրիշ ուղղությամբ է շարժվում: Հրանտ Դինքի սպանությունից հետո նույնիսկ այնտեղ չեն փոխել քրեական օրենսգրքի հոդվածը` «թուրք ազգին անպատվելու մասին»: Մենք նաեւ զգուշանում ենք, որ ԵՄ-ն Թուրքիայի վերաբերյալ հարցում փոխզիջման կգնա եւ իր շարքերը կընդունի մի երկիր, չսպասելով մինչեւ նրանում վերջնական փոփոխություններ կատարվեն: Ինչպես նաեւ այն բանից, որ այդ դեպքում եւս Հայաստանի հետ սահմանը կշարունակի փակ մնալ: Մեր հույսը Եվրամիությունն է: Կոպենհագենի չափանիշերով որոշված է, որ ԵՄ անդամակցության թեկնածուները պետք է բացեն իրենց սահմանները: Հայաստանի մասին այնտեղ նշված չէ, սակայն նշված է մեր հարեւան Թուրքիայի մասին: Նա պետք է բացի սահմանները: ԵՄ-ն պետք է այս հարցը Թուրքիայի առջեւ դնի որքան հնարավոր է շուտ, որպեսզի տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը բարելավվի: Մենք չունենք սահմանի փակման հարցի հստակ պատճառաբանությունը: Ինչու՞մն է հարցը, Ադրբեջանու՞մ, Լեռնային Ղարբաղու՞մ... Փաստը մնում է փաստ, սահմանը փակ է եւ դա որեւէ արդարացում չունի»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---