ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել «Սասնա ծռերի» անդամների բժշկական խնամքը դադարեցնելու հարցով

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել «Սասնա ծռերի» անդամների բժշկական խնամքը դադարեցնելու հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերական այցելություններ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Շարունակվում են այնտեղ պահվող՝ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները:

Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ:

2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:

2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Ավելի վաղ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլևս չկա և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա են բոլոր պայմանները վերոնշյալ անձանց բուժումն ու խնամքը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից շուրջօրյա ռեժիմով ապահովելու համար: Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ սկսած վերոնշյալ անձանց` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու առաջին օրվանից` նրանց բոլորի բուժումն ու խնամքը գերազանցապես կատարվել է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---