Զինծառայողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին օրինագիծը շրջանառությունից հանվել է

Զինծառայողների սերմնաբջիջների բանկ ստեղծելու մասին օրինագիծը շրջանառությունից հանվել է

PanARMENIAN.Net - ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հաստատման էր ներկայացվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Մինչդեռ նախագիծը ներկայացնելուց առաջ նախագծի հեղինակը սեպտեմբերի 6-ին որոշել է հանել այն շրջանառությունից և ոչ թե հետաձգել:

Նախագիծն առաջարկում էր զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում»:

«Ընկալում կար պարտադիրի, բայց զարգացումը հարցի այլ կողմն էր, չեմ էլ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց, բայց հուսամ՝ ապագայում կաշխատենք, ավելի ճիշտ կմշակենք, և թե ինչ կլինի առաջիկա մի քանի տարի հետո՝ ականատես կլինենք»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այդուհանդերձ, կան ժողովրդագրական խնդիրներ և պետք է բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնել, գրում է Tert.am-ը:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Թևան Պողոսյանին՝ նախ նման նախագիծ ներկայացնելու համար, որը հնարավորություն է տվել ևս մեկ անգամ հարցը բարձրաձայնել, և նաև նրա համար, որ ինքը՝ որպես հեղինակ, համաձայնության եկավ և որոշեց հանել այն:

«Տեսաք, որ մեր հասարակությունը, ոչ միայն պետությունը պատրաստ չեն սրան»,-ասել նա և հավելել, որ կարելի է նամակ հղել Կառավարությանը և տեղեկացնել, որ «եկել ենք կոնսենսուսի և նախագիծը հանում ենք շրջանառությունից, բայց դուք որպես Կառավարություն պետք է ուշադրություն դարձնեք»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---