Վարդան Օսկանյան. «Մենք կպահանջենք Թուրքիայից բացել Եվրոպայում վերջին փակ սահմանը»

PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է հետագա ինտեգրմանը եվրակառույցներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում 2007» ներկայացուցչական խորհրդաժողովում: Նախարար Օսկանյանը «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրաատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկման հիմնակական բանախոսներից էր: Իր խոսքում նախարար Օսկանյանն անդրադարձավ եվրոպական եւ եվրատլանտյան կազմակերպությունների դերակատարությանը տարածաշրջանում, ներկայացնելով այդ կազմակերպությունների եւ գլոբալ այլ ուժերի հետ Հայաստանի հարաբերությունների որոշ ասպեկտներ: Նա ներկայացրեց ՀՀ որդեգրած մոտեցումը, որը ուղղված է նպաստելու եվրոպական կառույցներին հետագա ինտեգրմանը, ինչպես նաեւ հաշվի է առնում տարածաշրջանում ներգրավված այլ ուժերի շահերը:



Նախարար Օսկանյանը նաեւ խոսեց Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին, նշելով, որ արդեն յոթերորդ տարին է, որ երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրում: Ու թեեւ զինադադարից հետո տասը տարիների ընթացքում Ադրբեջանն ու իր դաշնակիցը` Թուրքիան, սպասում էին, որ Հայաստանն աղքատության եւ տնտեսական լճացման ծանրության տակ կփլվի` դա տեղի չի ունեցել եւ չի էլ ունենա: Նա ափսոսանքով նշեց, որ այդ փորձից ոչ մի դաս չի քաղվում, ինչի հետեւանքն է Հայաստանի շրջափակման ուղղությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նոր ջանքերը: Դրա ապացույցն է վերջերս ստորագրված 700մլն դոլար արժողությամբ գործարքը` սկսելու նոր երկաթուղու կառուցումը, որը կշրջանցի Հայաստանը: Նոր երկաթուղին չի ստիպի մեզ տեղի տալ, այն ավելի շատ վնաս չի հասցնելու, քան փակ սահմանը: Քաղաքական միջավայրն է, որ կտուժի, սա է ափսոսանքի տեղիք տալիս, եւ ոչ թե` տնտեսական օգուտները: Մենք կշարունակենք հանդես գալ առկա երկաթգծի գործարկման օգտին: Եվ ավելի հեռուն կգնանք ու կպահանջենք, որպեսզի Թուրքիան բացի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:



Նախարար Օսկանյանը նաեւ խոսեց հակամարտությունների վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի երկրների պաշտոնապես հնչեցվող մոտեցումների եւ ՄԱԿ-ում առաջ քաշված նախաձեռնության միջեւ հակասության մասին: Նա վերահաստատեց ՀՀ դիքորոշումը, որ չի կարելի մեկ բանաձեւով անդրադառնալ չորս տարբեր հակամարտությունուններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---