Գյուղատնտեսական, քիմիական ու ռազմական գիտությունների ոլորտում մրցույթ է հայտարարվել

Գյուղատնտեսական, քիմիական ու ռազմական գիտությունների ոլորտում մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը, որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը:

2016թ.-ին մրցույթն անցկացվում է գյուղատնտեսական գիտություններ, ռազմական գիտություններ և քիմիական գիտություններ անվանակարգերով:

Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ: 2016 թ.-ի հոկտեմբերին Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն՝ հեղինակների կողմից և նախագծերի վերջնական գնահատում:

Կազմկոմիտեն կամփոփի հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի երեք հաղթող նախագծերը: Հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:

«100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցութի երեք հաղթող նախագծերը 2018թ.-ին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները, նպաստել երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանմանը և զարգացմանը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերմանը և հնարավոր ներդրմանը:

Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)), կընդունվեն նաև էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:

Նախագծերը գնահատելիս հաշվի են առնվելու ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը, գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը, նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը, դրանց հասնելու ուղիների հստակությունը, թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:

Լրացուցիչ առավելություն կստանան ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները:

Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2016թ.-ի սեպտեմբերի 20-ը:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝

ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---