Թուրքիայում չեղյալ են հայտարարվել ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, անվավեր ճանաչելով Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը:



Ըստ օրենքի, Թուրքիայում նախագահին ընտրում է խորհրդարանը, քվեարկության առաջին փուլն անցել է ապրիլի 27-ին: Ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան պահանջելով անվավեր ճանաչել առաջին փուլի արդյունքներն այն հիմնավորմամբ, որ նիստի ժամանակ քվորում չի եղել: Մայիսի 1-ին դատարանը որոշել է, որ քվեարկությանը չի մասնակցել պատգամավորների բավարար քանակ` քվորումի համար անհրաժեշտ էր 367 խորհրդարանականների ներկայությունը, իսկ ներկա են եղել ընդամենը 361-ը:



Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



Թուրքիայում մտավախություն ունեն, որ Գյուլը կարող է հրաժարվել երկրի կառավարման բացառապես աշխարհիկ սկզբունքներից եւ որոշումներ կայացնել իր իսլամիստական համոզմունքներին համաձայն: Ինքը Գյուլը նման պնդումները հերքում է: Նա ասում է, որ «նախագահը պետք է հավատարիմ մնա աշխարհիկ սկզբունքներին»: «Եթե ինձ ընտրեն, ես կգործեմ համապատասխանաբար»,-հայտարարել է նա: Ինքը Գյուլը հեռուստահարցազրույցում ասել է, որ ԱԶԿ-ն պատրաստ է պայքարի խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Մինչդեռ, թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռեջեփ Էրդողանը կարող է վաղաժամ խորհրդարանական ընտրություններ նշանակել 2007 թվականի հունիսի 24-ին կամ հուլիսի 1-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---