3 մայիսի 2007 - 15:38 AMT
Հայաստանում սկսվել է ընտրաթերթիկների տպագրությունը
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրություններում քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների ձեւը: Քանի որ ոստիկանության վերջին տվյալներով գրանցվել է 2. 301. 662 ընտրող, Հայաստանի ԿԸՀ-ն որոշել է թողարկել համամասնական կարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկները 2, 38 մլն քանակով: Մայիսի 3-ին տեղական ժամանակով 00:01-ից Երեւանի երկու տպագրատներում կսկսվի քվեաթերթիկների տպագրությունը: Ըստ հաստատված ժամանակացույցի այդ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 9-ը:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, քվեաթերթիկները կախված ընտրական համակարգից տարբեր են լինելու` համամասնական ցուցակի քվեաթերթիկները դեղին գույնի, իսկ մեծամասնական համակարգինը սպիտակ: Առաջին անգամ Հայաստանում քվեաթերթիկները պետք է դնել ծրարի մեջ, հետո միայն գցել թափանցիկ քվեատուփի մեջ: Սակայն հաշվի առնելով, որ համամասնական ցուցակը բավականին երկար է` 22 կուսակցություն եւ 1 դաշինք, այդ քվեաթերթիկը հարկ կլինի ծալել չորս անգամ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: