Ուորլիք. ԼՂՀ կարգավորումը ենթադրում է կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ

Ուորլիք. ԼՂՀ կարգավորումը ենթադրում է կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ

PanARMENIAN.Net - ԼՂՀ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի մասին:

Նա պատասխանել է հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի համար ԼՂ հիմնախնդրի իդեալական լուծումը.

«Այնպիսին, ինչպիսին և՛ ռուսական, և՛ ֆրանսիական կողմի համար է: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տևում և շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար է տևում, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք դրանք:

Մեզ համար կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն: Որպես մարդ, ով երկար տարիներ զբաղվում է բանակցություններ վարելով, կարող եմ ասել,որ բանակցությունները չեն կարող համարվել հաջող, եթե կողմերից որևէ մեկը ստիպված է լինում գնալ զոհողությունների և զիջումների: Բանակցությունները հաջողված կարող են համարվել, երբ շահում են երկու կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները: Ամբողջ տարածաշրջանն է արժանի դրան, որպեսզի ապրի խաղաղության և անվտանգության մեջ»:

Ըստ Ուորլիքի՝ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորման հնարավորություն ունի որոշակի զիջումների պարագայում:

«Կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա կարգավորման պայմաններից մեկն է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու նպատակով և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Նա հավելել է, որ դեռևս հայտնի չէ` երբ և որտեղ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը:

«Որպես համանախագահներ` մենք հանդիպում կունենանք երկու ԱԳՆ ղեկավարների հետ, որպեսզի հանդիպման հիմք ստեղծենք: Հույս ունենք հանդիպել երկու արտգործնախարարների հետ Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում քննարկենք հետագա քայլերը: Հուսով եմ, որ այնտեղ կկայանա նաև նախագահների հանդիպումը»,- ասել է նա:

Խոսելով զենքի մատակարարման մասին, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք է մատակարարում, սակայն Ադրբեջանի վերաբերյալ Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով:

«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր իրավիճակներում են: Ռուսաստանը երկարատև հարաբերություններ և բարեկամական կապեր ունի երկու երկրի հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները:

ԱՄՆ-ն նույնպես ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց այլ առանցքում: Մենք զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք նրանց սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում: Սակայն Ադրբեջանի վերաբերյալ մեր Կոնգրեսի կողմից մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ղարաբաղյան հակամարտությունում հարձակման նպատակով: Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք կարծում ենք, որ ռազմավարական հարաբերություններ ունենք երկու երկրների հետ»,- նշել է Ուորլիքը՝ նշելով, որ նմանատիպ բոլոր հարցերը քննարկում են Ֆրանսիայի և Ռուսաստանի գործընկերների հետ:

«Մենք շատ բաց ենք համագործակցում, մենք քննարկում ենք բոլոր թեմաները, որոնք վերաբերում են հակամարտությանը: Ինչպես արդեն ասացի՝ դրանք հարցեր են, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լիարժեք համաձայնություն ունեն: Մենք համատեղ ջանքերով խաղաղ կարգավորման ենք ձգտում: Կարծում եմ՝ պետքարտուղար Քերրին նույնպես կասեր, որ գնահատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ աշխատանքն այդ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշել է ԵԱՀԿ համանախագահը:

Օգոստոսի 3-ին ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---