Ամուլսարի հանքի շահագործման վտանգի մասին բարձրաձայնողների դեմ դիմում է ներկայացվել ոստիկանություն

Ամուլսարի հանքի շահագործման վտանգի մասին բարձրաձայնողների դեմ դիմում է ներկայացվել ոստիկանություն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ի առավոտյան Կենտրոնի ոստիկանության բաժնից զանգահարել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե իբր Լևոն Գալստյանը և իր համախոհները սպառնացել են իրենց, և հիմա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում այդ դիմումի հիման վրա։ Գալստյանին հեռախոսով հրավիրել են բաժին, սակայն ծանուցագրի բացակայության պատճառով՝ վերջինս հրաժարվել է ներկայանալ, տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը։

ՀԲՃ-ն նշում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 100%-ով պատկանում է Lydian International Limited բրիտանական օֆշորային ընկերությանը։ Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի՝ Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, այլ նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լճի համար։

Նախատեսվում է 10 տարվա ընթացքում տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

ՀԲՃ-ն՝ այլ կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին, մշտապես հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ այս ծրագրի անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով՝ բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության շրջանակներում։

ՀԲՃ-ն կոր է անում Հայաստանի քաղաքացիներին առավել ակտիվ լինել այս հարցում, իսկ իրավապաշտպան կառույցներին՝ առավել զգոն՝ բոլորիս իրավունքների պաշտպանության խնդրում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---