Տարվա լավագույն մանկավարժների մրցույթի հանրապետական փուլին 33 մասնագետ է մասնակցում

Տարվա լավագույն մանկավարժների մրցույթի հանրապետական փուլին 33 մասնագետ է մասնակցում

PanARMENIAN.Net - Հայաստանում 2016-ին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցում է 33 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Այս մասին տեղեկացնում էՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Սա մրցույթի երրորդ փուլն է՝ ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Միայն մասնակից չունենք Արարատի մարզից, որտեղ ոչ ոք հաղթող չի ճանաչվել»,-նշել է Մակյանը:

Մրցույթը կանցկացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյան, «Տարվա լավագույն տնօրեն»՝ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, «Տարվա լավագույն դաստիարակ»՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյան:

«Հանձնաժողովներում ընդգրկված են ԿԱԻ-ի, ինչպես նաև վերոնշյալ մրցույթներում նախորդ երեք տարիներին հաղթած մասնակիցները: Դպրոցական և մարզային փուլում լավագույններն ընտրվում են տարբեր չափորոշիչներից ելնելով՝ դասալսումներ, ամբողջ տարվա աշխատանքային գործունեության ամփոփում և այլն:

Մրցույթը կարող է անցկացվել և հարցազրույցի, և թեստային առաջադրանքների միջոցով. ամեն մարզ ինքն է ընտրում անցկացման կարգը: Հանրապետական փուլում լավագույններն ընտրվում են հարցազրույցի միջոցով, որի ընթացքում մասնակցին հնարավորություն է տրվում ներկայացնել իր ծրագիրը, փորձը և տեսլականը»,-ընդգծել է Սյուզաննա Մակյանը:

Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին` «Ուսուցչի օրը», հանդիսավոր արարողության ժամանակ:

Այդ օրը կպարգևատրվեն «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները: Տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---