Նախագահ. Ձգտում ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման՝ հիմնված փոխզիջումների վրա

Նախագահ. Ձգտում ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման՝ հիմնված փոխզիջումների վրա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բիշքեկում ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իր ելույթում նախագահը նշել է, որ տարին հոբելյանական է և՛ ԱՊՀ-ի, և՛ մեր երկրների համար:

«Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության և Համագործակցության ձևավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսևորել է որպես կարևոր միջպետական ձևաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից»:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական և այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:

Նախագահը նշել է, որ ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաև Համագործակցության դերի և ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:

«2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար»:

Սարգսյանը նշել է, որ հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:

«Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:

Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշքեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել:

Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:

Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»:

Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ.

«Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար»:

Նախագահը նշել է, որ 25 տարի առաջ անկախացած պետություններն այսօր գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում:

«Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է: Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:

Այս շաբաթ, մեր անկախության 25 տարվա ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը:

«Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն: Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Բիշքեկում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---