ՄԻՊ-ը ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին տվյալներն ուղարկել է գլխավոր դատախազություն

ՄԻՊ-ը ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին տվյալներն ուղարկել է գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում սեպտեմբերի 18-ին անցկացրած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ:

Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել:

Կարդացեք նաև՝ ՏԻՄ ընտրություններ. ՔՊ թեկնածուն հաղթել է Նոր Կյանքում, Արայիկ Խանդոյանը՝ պարտվել Ծաղկահովիտում

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---