5 հոկտեմբերի 2016 - 11:56 AMT
Speedtest հավելվածի հաշվարկներով ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամենաարագագործ բջջային ցանցն է Հայաստանում

Լայնաշերտ և բջջային ինտերնետի թեստավորման և ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար Ookla ընկերությունն իր Speedtest.net ինտերնետի արագության չափման հավելվածի և իր կողմից մշակված այլ հավելվածների միջոցով կուտակում է տվյալներ՝ հաշվարկելու աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարագ ինտերնետ մատակարարող ընկերությունների և բջջային ցանցերը: Speedtest բջջային հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Phone պլատֆորմների համար՝ ամեն օր իրականացնելով լայնաշերտ 3G և 4G միացումների ավելի քան մեկ միլիոն թեստավորում:

Ookla-ն հրապարակել է 2016թ. առաջին կիսամյակի տվյալները՝ յուրաքանչյուր երկրում հաղթող ընկերության կտրվածքով: Մուտք գործելով http://www.speedtest.net/awards և սեղմելով Հայաստանը խորհրդանշող կոճակը՝ կարելի է տեղեկանալ, որ Հայաստանում առաջին տեղում գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը: Մասնավորապես՝ այս հղմամբ տրամադրվող տեղեկություններում ասվում է. «Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար և հետևողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը՝ 4.58 Մբիթ/վրկ»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Speedtest-ից շնորհավորական նամակ է ստացել, որում ընկերությունը ճանաչվում է Հայաստանում բջային ամենաարագագործ ցանցի օպերատոր: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով՝ իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,- նկատել է Ookla ընկերության Speedtest ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Ստիվենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է Ookla ընկերության Speedtest-ի կողմից մրցանակ ստանալը: Speedtest-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է՝ ներառյալ 3G և 4G ցանցերի միջոցով ապահովվող: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի և թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Speedtest-ն ինտերնետի պարամետրերի գնահատման ամենալայն տարածում գտած ու ամենահեղինակավոր համակարգն է: Հարյուր միլիոնավոր սպառողներ աշխարհով մեկ օգտվում են «Speedtest»-ի ընձեռած հնարավորություններից: Ամեն օր իրականացնելով ավելի քան 8 միլիոն փորձարկում՝ Speedtest-ին հասանելի է դառնում աշխարհում ինտերնետի որակի համապարփակ պատկերը: Տվյալները ստացվում են վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր տարբեր սարքերից (մեկ սարք՝ մեկ փորձարկում սկզբունքով) արված փորձարկումներից ստացված տվյալների միջինացման արդյունքում՝ աշխարհագրական տվյալ տարածքի համար: Այս մոտեցումը զգալիորեն մեծացնում է ստացվող արդյունքների ճշգրտությունը և նվազեցնում փորձարկումների կրկնության և արդյունքները փոխարինելու հետևանքով կողմնակալ տվյալների ստացման հավանականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին օպերատորն է, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ին առաջին անգամ գործարկել է 4G/LTE ցանց: Այսօր ընկերության ցանցի ծածկույթն ընդգրկում է երկրում բնակեցված տարածքի 46,6%-ից ավելին (ավելի քան 255 բազային կայանի միջոցով):

Ookla ընկերության Speedtest արագության չափման ծրագիրը սահմանում է լայնաշերտ կապի որակի վերահսկման այնպիսի չափանիշեր, ինչպիսիք են ճշգրտությունը, ժողովրդականությունը, դյուրին օգտագործումը և համապատասխան վիճակագրությունը: Ընկերության լուծումները կիրառման են ընդունվել ինտերնետային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր ընկերությունների կողմից և օգտագործվում են հազարավոր փոքր ձեռնարկություններում, կառավարական կառույցներում, բուհերում և այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «AT&T»-ն, BBC-ն, Cisco-ն, Comcast-ը, FCC-ն, Reuters-ը, Time Warner-ը, Verizon-ը, Vodafone-ը և Vonage-ը: