Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետին. Կարևորվել է երկկողմ կապերում ֆրանսահայ համայնքի ավանդը

Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետին. Կարևորվել է երկկողմ կապերում ֆրանսահայ համայնքի ավանդը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել Երևանի օրվա կապակցությամբ և մասնակցում է 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երևանի տարեդարձը: Մենք երախտապարտ ենք և մշտապես հիշում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր անմասն չեն թե՛ մեր ցավին, թե՛ մեր ուրախությանը»,- Փարիզի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ասել է Սարգսյանը: Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքապետ Իդալգոյի այցը Երևան կլինի արդյունավետ և կնշանավորվի հետագա համագործակցության խորացման վերաբերյալ նոր պայմանավորվածություններով:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ ու բովանդակություն են ստացել Հայաստանի անկախացումից հետո:

Սարգսյանը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում զարգացող և տարեցտարի ամրապնդվող հայ-ֆրանսիական սերտ փոխգործակցությունը, նշելով, որ վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական և բազմակողմ ձևաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը շուրջ չորս տասնյակ քաղաքների ու շրջանների միջև, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում արդյունավետ աշխատանքը ամուր հիմք և լավ նախադրյալներ են հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և նախագահ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում մեծ ավանդ ունի ֆրանսահայ համայնքը, որի մի ստվար հատվածը բնակվում է հենց Փարիզում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Փարիզի քաղաքապետի և քաղաքապետարանի աջակցությունը ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում 2015թ. ապրիլի 24-ին տիկին Իդալգոյի այցը Երևան:

Սարգսյանը մեծապես կարևորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ներգրավվածությունը և նախագահ Օլանդի անձնական ներդրումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Կարդացեք նաև՝ Փարիզի քաղաքապետի գրառումը. «Ճանաչել ճշմարտությունն ու ընդունել Հայոց ցեղասպանությունը»

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---