Հովարդ Սթիվենսոն. Հայաստանն արտաքին ներդրումների համար բաց երկիր է

Հովարդ Սթիվենսոն. Հայաստանն արտաքին ներդրումների համար բաց երկիր է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը քննարկումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգի, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի, «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ ԱԶԲ-ին ՀՀ անդամակցության անցած տասը տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ գործակցություն: Սերժ Սարգսյանը կարևորել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերը, այդ թվում` ենթակառուցվածքների զարգացման, տարբեր ոլորտներում ցուցաբերվող տեխնիկական աջակցության, մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերը, որոնք միտված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս փուլում մեծապես կարևորելով ներդրումների ներգրավումը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ նյույորքյան համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը ԱԶԲ-ի «Հայաստանի գործընկերության ռազմավարության» շրջանակում բանկի օժանդակության վերաբերյալ: Բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը հայտարարել է, որ ԱԶԲ-ն կշարունակի գործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ի լրումն իրականացվող ծրագրերի նախատեսելով օժանդակություն նաև սոցիալական ենթակառուցվածքների, տնտեսական միջանցքների զարգացման, բարեփոխումների, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը, նրա համոզմամբ, կնպաստի ներդրումների ներգրավմանը երկրի տնտեսության մեջ:

Սերժ Սարգսյանի և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիան»-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին: «Լիդիան Արմենիան»-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաև համայնքների և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա:

Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, և որ Հայաստանն արտաքին ներդրումների համար բաց երկիր է:

Նյու Յորքում նախագահը հանդիպել է ունեցել նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Զրուցակիցները քննարկվել են Հայաստանում մոտ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության այդ ժամանակահատվածի արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել ձևավորված գործակցության մակարդակը, որը, նրանց համոզմամբ, ընկերությանը հնարավորություն է տվել գործունեության կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ արձանագրել:

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ, իսկ երեկոյան մասնակցել և ելույթ ունեցել «Հայաստան» ներդրումային համաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---