Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Անկախ պետությունների համագործակցության գոտում առկա իրավիճակը, ինչպես նաև՝ կազմակերպության՝ կոլեկտիվ անվտանգության հետագա կատարելագործման հարցերը:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում քննարկվելու է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:

Նախատեսվում է նաև, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ:

ՀԱԽ նիստին ընդառաջ, Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը,Ռուսաստանը,Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

ՀԱԽ-ի նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է այցը Հայաստան: Ղազախական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ նախագահը մրսածություն ունի և չի կարող մասնակցել ՀԱԽ նիստին: ՀԱԽ նիստին Ղազախստանից կմասնակցի երկրի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում:

Հոկտեմբերի 13-ին Երևանում բացվել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---