ՀՀ նախագահ. Հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը վկայում է ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին

ՀՀ նախագահ. Հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը վկայում է ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունը։

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ մասնավորապես ասել է. «Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ՝ ուղղված Կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության և նրա աշխատանքային մարմինների մեխանիզմների կատարելագործմանը:

Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տևած աշխատանքն ավարտված է, ինչպես և մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ:

ՀԱՊԿ երևանյան Ռազմավարությունը ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության և անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, և, միևնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ՝ Ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին»:

Նախագահը նշել է, որ դա, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական և, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ ՀԱՊԿ մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին` հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ ևս հաստատվել է Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, և անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործիք:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:

Նշվել է, որ քննարկվել են շատ այլ կարևոր հարցեր: Մենք ամփոփել ենք կազմակերպության գործունեության կատարելագործման, նրա ռազմական բաղադրիչի ամրապնդման և գործառնական հնարավորությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները: Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները:

«Ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ: Այդ փաստաթղթերի նպատակն է՝ ավելի բովանդակալից դարձնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձևաչափեր, ինչը նույնպես շատ կարևոր է»,-ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը հավելել է, որ փաստաթղթեր են ստորագրվել նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված: «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարևոր փաստաթուղթ է:

Նախագահը ընդգծել է նաև ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները, որոնք շտաբի կառուցվածքի, զինծառայողների քանակի և քվոտային պաշտոնների բաշխման վերաբերյալ ընդունված փաստաթղթին համապատասխան ուղղված են նշված մարմինների արդյունավետության բարձրացմանը: Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկենք տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:

Նախագահությունը Կազմակերպությունում անցել է Բելառուսին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---