Մկրտչյան. Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերը լուծում կստանան

Մկրտչյան. Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերը լուծում կստանան

PanARMENIAN.Net - Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ:

Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն է` հնարավորինս աջակցել ազգային փոքրամասնություններին և փոքր ժողովուրդներին: Ինչպես արտերկրում են աջակցում մեր հայրենակիցներին, այնպես էլ մենք պետք է աջակցենք մեր բարեկամ եզդի ժողովրդին: Մեր երկու ժողովուրդներն էլ` որպես փոքր ազգեր, կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առջև, հետևաբար պետք է միասին լինենք` դրանց դիմակայելու և մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պահպանելու համար: Եզդի համայնքի բոլոր հիմնախնդիրները համայնքի ներկայացուցիչը կարող է բարձրաձայնել նախարարին կից հասարակական խորհրդի նիստին` որպես այդ խորհրդի անդամ` այդպիսով դառնալով համայնքի խոսնակը»,-նշել է նախարարը:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն իր երախտիքի խոսքն է ուղղել ՀՀ կառավարությանը` նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդքան մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվել եզդի համայնքին:

«Մասնավորապես, ՀՀ 50 դպրոցում ուսուցանվում է եզդիերեն լեզու և գրականություն, որը մեր պատմության, մեր ժողովրդի գոյատևման համար շատ կարևոր է: Միայն Հայաստանում է, որ մենք կարողացել ենք ստեղծել գիր-գրականություն, մայրենի այբբենարան, հաղորդաշար, թերթ և այլն: Հետևաբար մենք գնահատում ենք պետության ողջ օժանդակությունը և շատ շնորհակալ ենք դրա համար»,-նշել է Եզդիների ազգային միության նախագահը` բարձրացնելով եզդի ուսուցիչների վերապատրաստումների թվի ավելացման, ԵՊՀ-ում եզդիերեն դասավանդելու հնարավորության, դասագրքերի, դպրոցներում եզդիերենի դասընթացներն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ:

«Եզդիերեն» և «Եզդի գրականության» զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Եզդիների ազգային միության նախագահ, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Ազիզ Թամոյանը և ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի Եզդիերեն հաղորդման ղեկավար, «Եզդիերեն» և «Եզդի գրականություն» դասագրքերի համահեղինակ Հասան Թամոյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մանկավարժներ Օմար Հասանի Այիբյանը և Սանամ Խդրի Ավդալյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Ժենիկ Զորաբի Բրոյանը, Գյուլփերի Քյարամի Թամոյանը, Ռոստամ Քյամիլի Հասանյանը և Ազիզ Սայիդի Մուրադովը` ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---