2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ ՀՀ-ում կտրուկ նվազել է մինչև 46%

2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ ՀՀ-ում կտրուկ նվազել է մինչև 46%

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների բնակիչների մեծամասնությունը կողմ է եվրասիական ինտեգրմանը, թեև տնտեսական ճգնաժամի պատճառով հավանությունը ինտեգրման գործընթացներին նվազել է:

ԱՊՀ և ԵՏՄ-ին անդամակցող երկրների բնակչության շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ եվրասիական ինտեգրումը պահանջված է նաև 2016-ին: Ընդհանուր առմամբ աջակցությունը գերազանցում է 60%-ը: Սակայն երկրների մեծ մասում այն վերջին տարվա ընթացքում նվազել է: Այդպիսին են «ԵԱԶԲ ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները:

Եվրասիական ինտեգրման աջակցության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում: Եթե 2013-ին, երբ երկիրը պաշտոնապես հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին, բնակչության 67%-ը դրական էր վերաբերվում դրան, իսկ բացասաբար ընդամենը 5%-ը, ապա 2014-ին դրական վերաբերմունքը նվազեց մինչև 64%, իսկ բացասականը հասավ 8%-ի: 2015-ին ՀՀ բնակչության արդեն 10%-ն էր բացասաբար վերաբերվում ԵՏՄ-ին, իսկ դրական` 56%-ը: 2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ կտրուկ նվազել է մինչև 46%, իսկ բացասականը հասել 15%-ի:

Մինչդեռ Ղազախստանում ԵՏՄ-ին դրական վերաբերմունքի ցուցանիշը 2012-2016թթ. 80%-ից նվազել է մինչև 74%, նվազելով ընդամենը 6%-ով, իսկ բացասական վերաբերմունքն աճել է ընդամենը 1%-ով` 4%-ից հասնելով 5%-ի: ՌԴ-ում ևս որոշ չափով նվազել է ԵՏՄ-ին սատարողների թիվը` 2012-ին կողմ էր բնակչության 72%-ը, իսկ 2016-ին 69%:

Բելառուսում և Ղրղզստանում հակառակը, վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ բարելավվել է: Եթե 2012-ին բելառուսների 60% -ն ու ղրղզների 67%-ն էր սատարում եվրասիական ինտեգրման գաղափարին, ապա 2016-ին այդ ցուցանիշներն աճել են մինչև 63% և 81%-ը համապատասխանաբար:

2016-ին հարցմանը մասնակցել է 8.5 հազար քաղաքացի ԱՊՀ 7 երկրում` Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Տաջիկստանում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձել 2015-ի հունվարի 2-ին: Մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն շահագրգռվածություն է հայտնել համագործակցելու ԵՏՄ հետ: Շահագրգիռ երկրների թվում են Չինաստանը, Եգիպտոսը,Թաիլանդը և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---