ՀՀ արդարադատության խորհուրդը Շենգավիթի դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել

ՀՀ արդարադատության խորհուրդը Շենգավիթի դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տրվել:

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005-իփոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշել է.

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 27-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով: Ըստ դատական օրենսգրքի՝ ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին։

Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---