ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղի դեպքերով առաջին գործերը դատարան են ուղարկվել

ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղի դեպքերով առաջին գործերը դատարան են ուղարկվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և Սարի թաղի դեպքերի փաստերով հարուցված քրեական գործերից մի քանիսը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ՀՔԾ վարույթում քննվող գործերից 7 անձի վերաբերյալ քրեական գործերն անջատվել են մայր գործից և առանձին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական գործով մեղադրվողների մեծ մասը, ՀՔԾ պետի տեղակալի տեղեկություններով, կալանավորված են: Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է:

Թե ովքեր են մեղադրյալ անձինք և ընդհանրապես ովքեր են ներգրավված քրեական գործերում, Հովհաննիսյանը հրաժարվել է հայտնել, հաղորդում է Sputnik Արմենիան:

Լրագրողների դիտարկմանը, թե իրավապահ համակարգի որևէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել, պաշտոնյան պատասխանել է. «Նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթ իրականացնող քննիչի թույլտվությամբ: Ես ձեռնպահ կմնամ կոնկրետ տվյալներ հայտնելուց, հավաստիացնում եմ՝ գործով ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ»:

Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---