«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագնի նվազեցման հիմնավորումները

«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի սակագնի նվազեցման հիմնավորումները

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը: Ընկերությունը նաև հաշվի է առել հետևյալ գլխավոր գործոնները.

1. Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում:

«Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը պարզաբանում է, որ Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով:

2. Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ:

3. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:

Նոյեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---