Մեքենաների ներկրումը ՀՀ մոտ 30%-ով աճել է. Մաքսային ձևակերպումները փոփոխվել են

Մեքենաների ներկրումը ՀՀ մոտ 30%-ով աճել է. Մաքսային ձևակերպումները փոփոխվել են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի սկզբից մոտ 30%-ով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1.480 մլրդ դրամի մուտքեր: ԵԱՏՄ երկրներից՝ ներկրվել է 980 մեքենա:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում.

«Մասնավորապես, եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տևում է 30 րոպե»:

Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Ղազարյանի խոսքով՝ նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն, որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:

«Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի»,-ընդգծել է ավտոմաքսատան ղեկավարը:

Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը:

Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ էլ քաղաքացիները կարող են դիմել վերադասին: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը նույնպես փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաև մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով:

ՀՀ-ում 2016-ի հուլիսին ավտոմեքենաների առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 8.723 մլրդ դրամ, ինչը 29.5%-ով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը: Այս տարվա հունիսի համեմատ ոլորտում գրանցվել է 11.2% աճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով ՀՀ-ում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը կազմել է 43.939 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 12.5%-ով:

2015 թվականի առաջին 5 ամսում հանրապետությունում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավտոմեքենաների առևտրի շրջանառության ցուցանիշը կրճատվել էր մոտ 10.7%-ով:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---