Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել:

Հանձնաժողովի նախագահն է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Այսպիսով, ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացուն և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1.5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացուն` 700.000 դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200.000 դրամ և նշված ավտոբուսի մյուս ուղևորներին ` 100.000-ական դրամ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---