«Երևան գարեջրի» տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի` 110 մլն դրամի տուգանքի որոշումը կվիճարկի դատարանում

«Երևան գարեջրի» տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի` 110 մլն դրամի տուգանքի որոշումը կվիճարկի դատարանում

PanARMENIAN.Net - «Երևան գարեջուր» գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրդովված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 16-ին կայացրած որոշումից, որի համաձայն ընկերությունը տուգանվել է 110 մլն դրամով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշել է, թե գործարանի տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2015-ի տարեվերջից սկսած, «Երևան գարեջուր»(ապրանքանիշը՝ «Կիլիկիա») ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

«Առավոտը» գրում է, որ ըստ Հակոբյանի, ՏՄՊՊՀ-ն գործարանի տնօրինությանը չի ծանուցել նիստի մասին, և «գաղտագողի» որոշում է կայացրել:

Հակոբյանն ասել է, որ իր սեփականությունը հանդիսացող գործարանն աշխատում է օրենքի շրջանակներում և ինքը նման տուգանքի համար որևէ պատճառ չի տեսնում: Գործարանն աշխատել է 5 տոկոս շահութաբերությամբ, իսկ գների բարձրացումից հետո շահութաբերությունը կազմել է 12,5 տոկոս: Հակոբ Հակոբյանը պնդում է, որ 12,5 տոկոս շահութաբերությունը գերշահույթ չէ: Գործարանի տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը կվիճարկի դատարանում:

Ինքը` Հակոբ Հակոբյանը, կարծում է, որ այս որոշմամբ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր հեղինակությունն է ցանկանում բարձրացնել: Սա գործարանին խոշոր տուգանքի երրորդ դեպքն է:

Կարդացեք նաև՝ ՏՄՊՊՀ. «Երևան Գարեջուր» ընկերությունից 110 մլն դրամ կբռնագանձվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---