Գործադիրը հաստատել է ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը. Կպատժվի 3-5 տարի ազատազրկմամբ

Գործադիրը հաստատել է ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը. Կպատժվի 3-5 տարի ազատազրկմամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ի նիստում Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որի համաձայն քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը. Քրեական օրենսգրքում ավելանում է նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:

«Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։

Ապօրինի հարստանալու մասին հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա:

Այսինքն` թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրա հետ փոխկապակցված անձին՝ ծնողը, կինը կամ ամուսինը, և նրա հետ ապրող չափահաս և չամուսնացած զավակը: Կառավարությունն առաջարկում է ապօրինի հասրտացման համար սահմանել ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով:

Ապօրինի հարստացման հիմնական դրսևորումներ են դիտարկվում՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և/կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Այս օրինագիծն ընդունվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, և ապօրինի հարստացման մասին դրույթը հետադարձ ուժ չի ունենա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---