«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի չեմպիոն է դարձել ռուսական թիմը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի չեմպիոն է դարձել ռուսական թիմը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության հաղթող է դարձել ռուսական «Բորսկի Կոռաբել» թիմը (ավագ` Միխայիլ Սավչենկո): Թիմի կազմում հանդես են գալիս Ելիզավետա Օվդեենկոն, Մաքսիմ Ռուսոն, Ալեքսանրդ Բրուտերը, Իվան Սեմուշինը և Արտյոմ Սորոժկինը: Արծաթե և բրոնզե մեդալները նույնպես ռուսաստանցիները նվաճեցին Սերգեյ Նիկոլենկոյի և Իլյա Բերի թիմից:

«Հենց այստեղ Հայաստանում, Դիլիջանում, խաղի հիմնադիր Վլադիմիր Վորոշիլովի ու Նատալյա Ստեցենկոյի մոտ 80-ականների վերջում առաջացավ միջազգային մտավոր խաղեր անցկացնելու գաղափարը»,-ասել է գիտակներին պարգևատրման արարողության ժամանակ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կոզլովը:

Գավաթից ու մեդալներից բացի չեմպիոնին ու մրցանակակիրներին հանձնվեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի ամենամյա մրցանակները: Ամենահեղինակավոր մրցանակներից մեկը` Վորոշիլովի անվան մրցանակը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» շարժման զարգացման համար հանձնվեց կազմկոմիտեի նախագահ Արմեն Աշոտյանին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում։ Խաղին մասնակցել է մոտ 400 գիտակ աշխարհի 24 երկրից, այդ թվում հայտնի գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլոք։ Հայաստանն առաջնությանը ներկայացված էր 6 թիմով:

Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո։

Առաջնության գործընկերներն էին ՀՀ նախագահին կից Մրցակցային նախագծերի ծրագիրը, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը», «Ռոսատոմ» կորպորացիան, «Ռուսկի միր» հիմնադրամը, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն ու «Ոսկեվազ» գինու կոմբինատը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---