Պերմյակովը դիմել է դատարան` խնդրելով վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը

Պերմյակովը դիմել է դատարան` խնդրելով վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` խնդրելով վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը:

«Նա հաստատել է, որ հետ է կանչում բողոքը, համաձայն է դատարանի որոշման հետ։ Ասաց, որ դա արել է կամավոր, սակայն դեմ չէ, որ փաստաբանը մասնակցի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի լսումներին։

Հայտնեց, որ չի ուզում մասնակցել դատական նիստին՝ անկախ դրա ընթանալու վայրից։ Պերմյակովը խոստովանել է մեղքը և ասել, որ հանցագործությունը կատարել է միայնակ»,- դատարանի նիստում ասել է նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, գրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի արդեն նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հետ վերցված բողոքում նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Պաշտպանը խնդրում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ: Մյուս երկու բողոքներում, որոնք Վերաքննիչ դատարանը քննության կառնի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդում են բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում է բեկանել և փոփոխել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---