ԵԽ-ում կքննարկեն Թուրքիայի եվրաինտեգրման կասեցումն ու բանակցությունների դադարեցումը

ԵԽ-ում կքննարկեն Թուրքիայի եվրաինտեգրման կասեցումն ու բանակցությունների դադարեցումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը: Թուրքական Gerçek Gündem-ին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, քվեարկության կդրվի ԵՄ-Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևը:

ԵԽ-ի սոցիալիստ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում պտտվում է այն կարծիքը, որ նույնիսկ հաստատվելու դեպքում վերոնշյալ բանաձևը իրավական պարտադրող ուժ չի ունենա և կկրի սիմվոլիկ բնույթ:

Ակնկալվում է, որ առաջարկված բանաձևի քննարկման ժամանակ խիստ քննադատություններ կհնչեցվեն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության շրջանակներում կիրառվող մեթոդների վերաբերյալ:

Այդ մեղադրանքները, մասնավորապես, կապված են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորների, լրագրողների և գրողների կալանավորման, մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունների, հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի հետ: Այս համատեքստում որոշ պատգամավորներ կարող են կրկին բարձրանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:

Ակնկալվում է նաև, որ նոյեմբերի 22-ին կայանալիք քննարկման ժամանակ անդրադարձ կկատարվի Թուրքայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում տեղ գտած խիստ քննադատություններին, ինչպես նաև այդ առթիվ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի և զեկուցող Քեթի Փիրիի հասցեին Թուրքիայից հնչեցված պատասխաններին:

Օրինախախտումների բազմաթիվ դեպքերի առթիվ Եվրամիության մի շարք բարձրաստճան պաշտոնյաներ բազմիցս Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանն ուղղված կոչեր են հնչեցրել: Նշվել է նաև, որ մահապատժի վերականգնման դեպքում կհատվի այն կարմիր գիծը, որից հետո Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը սառեցումը անխուսափելի կլինի:

Կարդացեք նաև՝Ավստրիայի խորհրդարանի խմբակցությունները կոչ են անում սառեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---