Bloomberg. Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա

Bloomberg. Ադրբեջանն ու ՀՀ-ն վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության մրցավազքը գնալով լուրջ խնդիր է դառնում. Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է գնում, իսկ Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու սարքեր Իսրայելից և բանակցում է Պակիստանից բարձր տեխնոլոգիական զենքի գնման շուրջ, հայտնում է «Կոմերսանտը» Bloomberg-ի վրա հղումով:

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, այդ ամենը տեղի է ունենում ապրիլյան վերջին սրացումից ամիսներ անց:

Ըստ բրիտանական Chatham House հետազոտական կենտրոնի և ամերիկյան Bloomberg գործակալության փորձագետների, սպառազինության մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով սաստկանում է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է մրցավազքը գնալով ավելի լրջանում: Իսկ դա նշանակում է, որ ապագայում բախումների հավանականությունն աճում է»,-ասել է Chatham House-ի փորձագետ Զաուր Շիրիև:

Ըստ Bloomberg-ի, Ադրբեջանն ու Հայաստանը վերջին 10 տարում $27 մլրդ են ծախսել սպառազինության վրա, որտեղ առաջատարն Ադրբեջանն է, որը փաստորեն իր նավթային եկամուտները վերածում է ռազմական գործոնի: Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում:

Փորձագետները հիշատակում են Ադրբեջանի կողմից «կամիկաձեների» օգտագործումն ապրիլին Ղարաբաղում: Իսկ սեպտեմբերին արդեն Բաքուն հայտարարեց, որ մտադիր է սեփական «կամիկաձե» անօդաչուներն արտադրել Իսրայելի տեխնոլոգիայով:

Այդ հայտարարությունները հնչել են գրեթե զուգահեռ Հայաստանում «Իսկանդերների» ցուցադրմանը Անկախության օրվա զորահանդեսի ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ հայկական կողմի մոտ «Իսկանդերների» հայտնվելուն Բաքուն պատասխանեց զորավարժություններով C-300 զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ: Երկու կողմերը վիճաբանում են ուժերի բալանսի փոփոխման շուրջ: Հայ փորձագետները պնդում են, որ «Իսկանդերների» գնումը փոխել է ուժերի հարաբերակցությունը, քանի որ «այդ հրթիռային համակարգը կարող է կարևորագույն օբյեկտներ խոցել Բաքվում և ամբողջ Ադրբեջանում»: Բաքվում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ Հայաստանի ժխտում են:

Ամեն դեպքում, եզրակացնում է գործակալությունը, սպառազինությունների մրցավազքը հակամարտության ցանկացած սրացում էլ ավելի լուրջ է դարձնում:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Ընթերցեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---