Վարչապետ. Բիզնեսում ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելը կվերացվի, արտոնյալներ չկան

Վարչապետ. Բիզնեսում ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելը կվերացվի, արտոնյալներ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը խորքային փոփոխությունների կարիք ունի, ու կառավարությունն անում է հնարավորն առավել արագ բարեշրջումների համար: Այդ մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, գրում է Bloomberg-ը:

Կատարվող գործողությունների թվում Կարապետյանը նշել է պայքարը կոռուպցիայի ու բյուրոկրատիզմի դեմ և ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով ստեղծվող պետական հիմնադրամը:

Վարչական որոշումների համար բիզնեսից գումար պահանջելու և քաղաքական կապերը մրցակցության սահմանափակման համար օգտագործելու երևույթները պիտի վերանան, նշել է նա: «Մենք հավասար, մրցունակ միջավայր ենք ստեղծելու», - շեշտել է վարչապետը նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետն ասել է նաև, որ հարկային և մաքսային մարմինների ղեկավարության փոփոխությունը կբերի նրան, որ հիմնական խաղացողները չեն կարողանա օգտագործել ադմինիստրատիվ լծակներ՝ այլոց մրցակցությունը ճնշելու համար: «Ոչ ոք անձեռնմխելի չէ ու արտոնյալ չէ», - նշել է Կարապետյանը:

2017 թվականին ակնկալվող 3.2% աճը բավարար չէ կենսամակարդակը զգալիորեն բարելավելու համար, նշել է վարչապետը: «Մենք նաև ունենք արտաքին պարտքի աճի՝ ՀՆԱ-ի ու եկամուտների աճը գերազանցող տեմպի խնդիր», - ասել է Կարապետյանը:

Վարչապետի խոսքերով, կառավարությունը հստակ գիտակցում է, որ պետական ծախսերի կրճատումը կարող է բերել աճի տեմպերի դանդաղեցմանը, և որ գործարար համայնքը հետաձգում է ներդրումները՝ սպասելով ընտրությունների արդյունքին: Անդրադառնալով կարծիքին, թե նրա վարչապետ նշանակվելը կարճաժամկետ լուծում է՝ ուղղված իշխող Հանրապետական կուսակցության դիրքերի բարելավմանը, նա ասել է, որ ընտրություններից հետո իր պաշտոնավարման հավանականության մասին խոսելն աննպատակահարմար է, քանի որ որևէ մեկը չի կարող կանխատեսել դրանց արդյունքը:

Այնուամենայնիվ, կառավարությունը պլանավորում է 6 ամսում երկարաժամկետ ծրագրեր մշակել, որոնք 2018-ից հետո երկարաժամկետ տնտեսական աճի կհանգեցնեն, նշել է նա:

Կարապետյանը նաև խոսել է Իրանի հետ տնտեսական կապերի աշխուժացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նրա խոսքերով, մինչև դեկտեմբերի 25-ը հանձնարարված է ներկայացնել Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Դրանով նախատեսվում է ակտիվացնել հարևան երկրի հետ կապերը սննդի արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում:

2016 թվականի արդյունքներով կառավարությունը ՀՀ-ում 2.2% տնտեսական աճ է կանխատեսում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---