€54 մլն վարկ՝ Գերմանիայից. Գումարը կուղղվի տնտեսական, ենթակառուցվածքային զարգացմանը

€54 մլն վարկ՝ Գերմանիայից. Գումարը կուղղվի տնտեսական, ենթակառուցվածքային զարգացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան Հայաստանին 54 մլն եվրոյի վարկ կտրամադրի: Բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին:

Նոյեմբերի 22-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական գործակցության և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրել են զարգացման քաղաքականության ոլորտի համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական գործակցության շրջանակում ձեռք է բերվել 54.4 մլն եվրոյի չափով վարկերի և ֆինանսական օժանդակությունների վերաբերյալ պայմանավորվածություն:

Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36.1 մլն), որոնք իրականացնում է «Գերմանահայկական ֆոնդը» (GAF), և կսատարի գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում (5.3 մլն): Համայնքային ենթա-կառուցվածքների ոլորտում 8.3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսության զարգացման, 2.7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համապարփակ կառավարման ոլորտներում:

Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրամադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:

2015-ի նոյեմբերին կնքված «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ՀՀ կառավարությունը $300 միլիոնի չափով բյուջետային աջակցության վարկ է ստացել: Այն նախատեսված էր ուղղել ՀՀ տնտեսության զարգացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---