ՍԱՊԾ պետ. Կաթնամթերքի շուկայում կան չլուծված խնդիրներ

ՍԱՊԾ պետ. Կաթնամթերքի շուկայում կան չլուծված խնդիրներ

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողության արդյունքները և սպառողների ահազանգերը վկայում են, որ կաթնամթերքի շուկայում կան դեռևս չլուծված խնդիրներ: Այս մասին ասել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 22-ին կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ներկաները քննարկել են ոլորտի հիմնական խնդիրները՝ հումքի մթերումները, կաթի պատշաճ պաստերիզացիան, արտադրանքի որակը, հիգիենային և մակնշմանը ներկայացվող պահանջները:

«Ծառայությունը պատրաստակամ է համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել կաթնամթերք արտադրողներին՝ առկա խնդիրների լուծման համար, միաժամանակ, արտադրողները պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն և աջակցեն վերահսկող կառույցին՝ սպառողին անվտանգ և որակյալ մթերք հասցնելու գործում», - նշել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ վերահսկող կառույցը հանդես է գալիս գործընկերային դիրքերից և ներդրումներ կատարած, աշխատատեղեր ստեղծած կազմակերպություններին որևէ կերպ վնասելու կամ նրանց գործունեությանն անտեղի միջամտելու նպատակ չունի. խիստ են լինելու միայն անբարեխիղճների հանդեպ: Նա տեղեկացրել է, որ կաթնամթերքի շուկայում ՍԱՊԾ-ն իրականացնում է լայնամասշտաբ դիտարկումներ:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը քննարկման ժամանակ նախ խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում ընդունված միջազգային չափորոշիչների կիրառման անհրաժեշտության, մասնավորապես, Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP) արտադրական գործընթացում ներդնելու մասին:

Այս համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ:Սննդամթերքի անվտանգության բնագավառն այժմ առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով և որոշումներով, որ ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթը ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգն է՝ հորդորելով հանդիպման մասնակիցներին իրենց գործունեությունը կազմակերպել համաձայն այս փաստաթղթի:

Դանիելյանը նաև մանրամասնորեն ներկայացրել է կաթի մթերմանը, պաստերիզացիային, հումքի որակին, համապատասխանության գնահատմանը, մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջները: Պարզաբանվել է, որ չպաստերիզացված կաթով կաթնամթերքի արտադրություն իրականացնել չի թույլատրվում, որ արտադրությունում օգտագործվող ամբողջ հումքը պետք է ուղեկցվի անվտանգությունն ու որակը հավաստող փաստաթղթերով, իսկ հում կաթը պետք է ուղեկցվի անասնաբուժական վկայականով և ենթարկվի անասնաբուժասանիտարական փորձաքննության: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր արտադրող ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ սեփական լաբորատորիաներ հիմնելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ունենա պայմանագիր հավատարմագրված լաբորատորիաների հետ:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության պատասխանատուն անդրադարձել է նաև թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակներին՝ հիշեցնելով, որ դրանց իրացումը Ծառայության կողմից դիտարկվում է որպես խիստ ռիսկային և արգելվում է:

Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---