ԱԻՆ-ը 120 բենզա- և գազալցակայան է ստուգել. 3-ի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է

ԱԻՆ-ը 120 բենզա- և գազալցակայան է ստուգել. 3-ի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրել են հանրապետության բենզա- և գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

2016-ի նոյեմբերի 14-ից սկսած հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 120 բենզա և գազալցակայաններում: Դրանցից 115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ 3 դեպքում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում:

Մկրտչյանի խոսքով, բենզալցակայանները հիմնականում կառուցվել են 1990 և 2000-ականներին. վերջին տարիներին բեզալցակայաններ չեն հիմնվել. ավելի շատ կառուցվել են գազալցակայաններ:

Նա բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից առանձնացրեց հետևյալ խնդիրները. պահպանված չեն բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով, բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը, օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով, էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն:

Մկրտչյանը նշել է, որ տեսչությունը, ձգտելով հնարավորինս չխոչընդոտել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքներին, մշտապես կիրառում է նախազգուշացման պրակտիկան, իսկ սկսված վարչական վարույթները կարճում՝ եթե իրավախախտումները վերացվում են արդեն վարույթի ընթացքում:

Քանի որ արձանագրված թերությունները լուրջ մոտեցում են պահանջում, որոշում է կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ.՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտներին տրվել են կարգադրագրեր՝ կոնկրետ նշելով թերությունները. դրանք չվերացնելու դեպքում տնտեսվարողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, - ընդգծեց Մկրտչյանը:

Նա հավելել է նաև, որ անցած տարի հանրապետության ամբողջ տարածքում իրականացվել են ստուգումներ գազալցակայաններում: Նրա հավաստմամբ՝ գազալցակայաններում ավելի բարվոք վիճակ է, քան բենզալցակայաններում, ինչի մասին են վկայում նաև տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքները:

Նշվել է, որ եթե 2008 թ.-ի դրությամբ հանրապետության բենզալցակայաններում արձանագրվել է 13 արտակարգ պատահար (հրդեհ և պայթյուն), ապա 2016 թ.` 3 դեպք:

2008 թ.-ին գազալցակայաններում տեղի է ունեցել 25 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 8 մարդ, ապա 2016 թ. գրանցվել է 9 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 2, վնասվածքներ ստացել 6 մարդ:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):

Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իսկ բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---