Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է խաղաղապահ առաքելությանն ակտիվ մասնակցություն ունենալու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանդիպման սկզբում նա նախ ՀՀ վարչապետին է փոխանցել գլխավոր քարտուղարի շնորհավորանքը` ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության եւ համագործակցության զարգացման առումով, երկուստեք կարեւորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության բոլոր հնարավոր ոլորտները: Վարչապետը նշել է, որ ԱԳԳԾ-ի իրականացման նպատակով հիմնված հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունները շարունակում են շահագրգիռ աշխատանք տանել ԱԳԳԾ-ի աշխատանքային ծրագրի իրականացման ուղղությամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացնի եւ ջանքերը կկենտրոնացնի ծրագիրը ժամանակացույցին համապատասխան ու արդյունավետ իրագործման ուղղությամբ:



ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է ՀՀ զինված ուժերն ավելի մարտունակ դարձնելուն եւ ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող պաշտպանության համակարգի ստեղծմանը միտված բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությունը: Այս կապակցությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը դրվատանքով է խոսել ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի առաջընթաց քայլերի մասին, նշելով, որ : Նա գոհունակություն է հայտնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կապակցությամբ եւս, իբրեւ հաջորդ կարեւոր քայլ նշելով ռազմական դոկտրինայի մշակումը, որի համար, ըստ Ռոբերտ Սիմոնսի, ՆԱՏՕ-ն պատրաստ է տրամադրել փորձագետներ եւ ցուցաբերել խորհրդատվական աջակցություն:



Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում եւս կարեւորված է ազգային անվտանգության ռազմավարությունը: Ծրագրում ամրագրված է, որ այն մշակվել է նաեւ այդ ռազմավարության հիման վրա:



Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՆԱՏՕ-ի համագործակցության նոր սպայի նշանակումը լրացուցիչ խթան եւ կապող օղակ կհանդիսանա Հայաստանի եւ Հյուսիս-ատլանտյան դաշինքի միջեւ գործընկերության զարգացման համար:



Երկուստեք կարեւորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ արդյունավետ քննարկումներ են տեղի ունենում ՀՀ փրկարար ծառայության հետ: Նկատի առնելով այս հարցում եւս դրական տեղաշարժն ու Հայաստանի փորձը, Ռոբերտ Սիմոնսը խոսել է տարածաշրջանի եւ նաեւ Միջին Ասիայի երկրների մասնակցությամբ Երեւանում սեմինարի անցկացման մտադրության մասին, որը նվիրված կլինի ճգնաժամային կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունների խորացմանը: Ընդգծվել է նաեւ տեղեկատվության ոլորտում համագործակցության ընդլանման անհրաժեշտությունը: ԱԳԳԾ-ի իրականացման հետ կապված ՀՀ կառավարության գործունեությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բնորոշել է երկու կարեւոր առանձնահատկությամբ` ծրագրի մշակման եւ իրագործման ընթացքի թափանցիկություն եւ միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսել են նաեւ խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության մասին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է այդ առաքելությանն ակտիվ մասնակցություն ունենալու: ՀՀ վարչապետը զրուցակցից հետաքրքրվել է նաեւ Կոսովոյի անկախության հարցի շուրջ ընթացող զարգացումներով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---