Երկու նոր նամականիշ է մարվել` նվիրված «Եվրոպա 2016. մտածե՛ք կանաչ» թեմային

Երկու նոր նամականիշ է մարվել` նվիրված «Եվրոպա 2016. մտածե՛ք կանաչ» թեմային

PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերի 1-ին մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Եվրոպա 2016. մտածե՛ք կանաչ» թեմային նվիրված 2 նամականիշ:

Յուրաքանչյուր տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկում է ԵՎՐՈՊԱ շարքի նամականիշեր «PostEurop»-ի` եվրոպական փոստային օպերատորների ասոցիացիայի կողմից հայտարարված ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում:

«Մտածե՛ք կանաչ» առաջին նամականիշի հեղինակն է Դոքսիա Սերգիտուն (Կիպրոսի փոստ), որի նախագծած նամականիշը 2014թ. հաղթել է ԵՎՐՈՊԱ նամականիշերի 60-ամյակին նվիրված մրցույթում, և այդ նամականիշը թողարկում են «PostEurop»-ի բոլոր անդամ երկրների փոստային օպերատորները: Նամականիշի վրա պատկերված է ձեռք, որը ներկում է գորշ գույները կանաչ ներկով, խորհրդանշելով, որ «մեր ձեռքերում է գտնվում ավելի կանաչ մոլորակ ստեղծելը»:

Երկրորդ նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մի մասին պատկերված է ամայի, անկենդան տարածք, մինչդեռ մյուս մասում ներկայացված է առողջ, փարթամ ծառ՝ խորհրդանշելով բնության վերականգնումն ու ապաքինումը:

Նամականիշերի մարումն իրակնացրեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---